Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ստվերը կնվազի՞

Ստվերը կնվազի՞
06.06.2008 | 00:00

Եթե ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ասուլիսը կայանար ոչ թե հունիսի 5¬ին, այլ հունիսի 8¬ին, ապա կհամընկներ պաշտոնավարման մեկ տարվա հետ։ Բոլոր դեպքերում կարելի է ասել, որ ասուլիսի նպատակն էր առողջապահության ոլորտում կառավարության կողմից իրականացվող կոնկրետ քայլերի մասին հանրությանը տեղյակ պահելը։ Առավել կարևորն այն է, որ հուլիսի մեկից ևս մեկ միլիարդ դրամ պետբյուջեից լրացուցիչ գումար կհատկացվի ծննդօգնությանը։ Արդյունքում մեկ ծննդկանի համար հատկացվող պետպատվերի գումարը կկազմի 124 հազար դրամ։ Նախարարն ընդգծեց, որ տարեցտարի այդ ուղղությամբ ֆինանսավորումը կմեծանա, ինչը մի կողմից կթեթևացնի ծննդկանի ընտանիքի սոցիալական ծանրաբեռնվածությանը, մյուս կողմից կնպաստի մանկաբարձությունում ստվերի նվազեցմանը, որը, ըստ նախարար Հ. Քուշկյանի, փորձելու են արմատապես վերացնել։ Ինչ խոսք, գուցեև ստվերի նվազում նկատվի, քանի որ հավելյալ հատկացումների հետ մեկտեղ (որոնց գերակշռող մասը ուղղվելու է տվյալ ոլորտի բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացմանը), ինտենսիվ վերահսկողություն է սահմանվելու առողջապահության նախարարության կողմից։ Եվ ինչպես նշեց նախարարը. «ուղիղ հեռախոսակապով ահազանգ ստանալուց հետո եթե պարզվի, որ տվյալ բուժհիմնարկում խախտումները պարբերական բնույթ ունեն, ապա այդպիսիք կզրկվեն պետպատվերների շրջանակներում հատկացվող գումարներից»։ Թե որքանով ստվերը կնվազի, ինչպես ասում են՝ ժամանակը ցույց կտա, սակայն, կարծում ենք, վատ չէր լինի, եթե մինչ այդ կառավարությունը ծննդօգնության ոլորտում հասցեականացված քաղաքականություն իրականացներ։ Եթե մի քանի տարի է մեր պետությունը նշում է, որ բնակչության 20-30 տոկոսը մեծահարուստներ են, ապա, կարծում ենք, ինչպես արտերկրում, մեզ մոտ ևս վերջիններս կարող են վճարել բուժսպասարկման համար։ Այդպիսով պետությունը տնտեսված գումարները շատ ավելի արդյունավետ կարող է տնօրինել համակարգի զարգացման համար։

«Ոլորտում իրականացվող բարեփոխումներն ուղղված են լինելու առողջապահության ծառայությունների մատչելիությանն ու որակի բարձրացմանը։ Կառավարությունը խրախուսելու է տարածաշրջանի համար հատուկ պահանջարկ ունեցող առողջապահական ուղղություններով Հայաստանը տարածաշրջանային առողջապահական կենտրոն դարձնելու, ինչպես նաև էլեկտրոնային բժշկությանը նպաստող քայլերը։ Այդ ուղղությամբ արդեն գործնականում մշակվում են ծրագրեր։ Առողջապահության ոլորտի ֆինանսավորումը միջնաժամկետ հատվածում դառնալու է կառավարության ծախսային քաղաքականության առաջնային գերակայություններից մեկը»,¬ ընդգծեց նախարարը և առանձին¬առանձին նշեց այն քայլերը, որոնք միտված են լինելու այդ բարեփոխումների իրականացմանը։ Եթե վերհիշենք, թե մեկ տարի առաջ ինչ խնդիրների ուսումնասիրությամբ Հարություն Քուշկյանն սկսեց իր պաշտոնավարությունը (այցեր մարզային բուժհիմնարկներ, քննարկումներ մոր ու մանկան կլինիկայի ղեկավարների հետ և այլն), ապա կարելի է ասել, որ առողջապահության նախարարությունում սկսված է այդ ուսումնասիրությունների արդյունքների իրականացման ժամանակը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 13611

Մեկնաբանություններ